
Բնակվում են տարբեր կենսավայրերում՝ ներառյալ կանգուն և հոսող ջրավազանների առափնյա տարածքները, անտառները, անապատներն ու լեռնային տարածքները։ Հայտնի են կիսաջրային, փորող և ծառերի վրա մագլցող տեսակներ։Բոլոր իժեր թունավոր են։ Վերծնոտային ոսկրերը շատ կարճ են ու շարժուն, օժտված են երկար խողովակավոր թունամուղ ատամներով։ Ատամներ կան նաև թևանման ոսկրերի և ստորին ծնոտի վրա։Ընդգրկում է մանր, միջին չափի և խոշոր տեսակներ (երկարությունը՝ 0, 35-3, 5 մ)։ Բնորոշվում են համեմատաբար հաստ մարմնով ու հիմնականում կարճ պոչով։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է մանր կատարավոր թեփուկներով կամ հարթ վահանիկներով (վահանագլուխ իժեր)։ Մաշկը ծածկված է կատարավոր կամ հարթ թեփուկներով։ Աչքերը լավ են զարգացած, բիբը օվալաձև է և ուժեղ լույսի պայմաններում ունի ուղղահայաց ճեղքի տեսք։