Բազալտ
հրաբխային հիմնային ապար։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ և այլն։ Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Հայաստանում բազալտի և նրա խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում։ Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար։
