
Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ – բժիշկ է եղել: Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն:
Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով կապվել է տիրոջ հետ:
Ասում են, նա բժիշկի հետ սեղան էր նստում, իր համար պատրաստած աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա ՜ — ղա ՜» կանչելով շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ: Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու:
Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում: Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած: Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ, և այդ նրա լավագույն կողմնացույցն էր:
Իսկ թանձր մառախուղին, անտառում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը:
Բժիշկը դուրս էր գալիս քաղաքի գլխավոր փողոցը, և ընկերները թախանձում էին նրան.
— Դե՞, բժիշկ, ի՞նչ կլինի կանչես քո ագռավին:
Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն, ուր ծառերի վրա աղմկում էին ագռավները, և կանչում էր հեռվից.
— Թուխի՜կ, Թուխի՜կ…
— Ղա՜ ղա՜… լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից:
Հասարակությունը զարմանում էր ագռավային այդ պատասխանի վրա:
— Թուխի՜կ, քեզ եմ սպասում, — ձայն էր տալիս բժիշկը:
— Ղա ՜ ղա ՜… այսինքն՝ գալի՜ս եմ, գալի՜ս, — լսվում էր պատասխանը և երամից բաժանվում էր Թուխիկը, պտույտներ գործում ու նստում իր տիրոջ ուսին:
Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց.
— Վաղուց ես նստած, ինչո՞ւ ճաշ չես պատվիրում:
— Ընկերոջս եմ սպասում…
Կարծեցին իրոք մարդու է սպասում:
Ապա նա տեղից վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանն ու նայեց երկինք: Քիչ անց ագռավների մի մեծ երամ էր անցնում:
— Թուխի՜կ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՜ն, ախր քե՛զ եմ սպասում, — սրտնեղած ձայն տվեց նա:
— Ղա՜ ղա՜…լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին: Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց:
Այնուհետև բժիշկը ամեն անգամ գնում էր այգու ճաշարանը և սպասում էր իր Թուխիկին:
Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ — բժիշկն ու իր փետրավոր ընկերը:
Բայց որովհետև ագռավը հաճախ մարդուց շատ է ապրում, ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն:
Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ:
— Թուխի՜կ, դո՛ւրս եկ, — լացի միջից ձայնեց բժշկի այրին:
Չլսվեց պատասխան «ղա-ղա »-ն, կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր:
Նրան գերեզմանից հանեցին և բժշկի աճյունը հողով ծածկեցին: Բարակ անձրև էր տեղում: Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած:
Հին, քարսիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը, ականատես եղան այդ թռչունի արարքին, և ծերերը քրթմնջացին.
— Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այդ թռչունի չափ իրար հավատարիմ մնային…
Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած:
Ասում են, մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր–տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին: Թուխիկն է. դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը…
Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների վրա, ուրախ աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները…
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:
- Նշանավոր — Մեծ հռչակ ունեցող
- Աղվամազ — Թռչունների փետուրների տակի նուրբ՝ փափուկ փետուրները
- Թառել — Նստել բարձրադիր տեղում
- Ծերպ — Գագաթ
- Թախանձել — Սաստիկ խնդրել, աղաչել
- Զառամել — Շատ ծերանալ
- Քրթմնջալ — Քթի տակին փնթփնթալ
- Կիսանդրի — Կիսարձան
- Հնամենի — Հին, դարավոր 2. Պատմվածքը բաժանիր մասերի և վերնագիր` յուրաքանչյուր մասը:
- « Փոքրիկ Թուխիկն ու բժիշկը»
- « Խելացի Թուխիկը»
- «Որսորդ Թուխիկը»
- « Ճաշի լավ ընկերը»
- « Հավատարիմ ընկեր» 3.Պատմիր բժշկի և Թուղիկի ընկերության մասին։
- Բժիշկն ու Թուխիկը շատ լավ ընկերներ էին։ Նրանք իրար շատ էին սիրում։ Նրանք այնքան մտերիմ էին, որ ագռավը միշտ պատասխանում էր, երբ տերը կանչում էր նրան։ 4. Բացատրի`ր հետևյալ նախադասությունը`Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
- Այսինքն Թուխիկը այնքան խելացի էր, որ բոլորը խոսում էին նրա մասին ։ 5. Որ հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը
- Երբ բժիշկը մահացավ և ագռավը մնաց իր տիրոջը հավատարիմ մնալով նրա գերեզմանին։ Անգամ տարիներ անց նա գալիս և թառում էր իր տիրոջ կիսանդրու ուսին։ 6. Նկարագրիր Թուխիկին:
- Թուխիկը սկզբում ծածկված էր աղվամազերով։ Մեծանալով նրա փետուրները դարձան թուխ։ Նա շատ խելացի, զգայուն , ընկերասեր, բարի և հավատարիմ ագռավ էր։ 7. Քո կարծիքով, իրական է այս պատմությունը:
- Իմ կարծիքով այս պատմությունը իրական էր և այն շատ հավատարիմ ընկերների մասին էր։ 8. Գրիր պատմություն «Իմ աիրած կենդանին» վերնագրով:
- Իմ սիրելի կենդանին շունն է ։ Ես շատ եմ սիրում շներին, որովհետև նրան իսկական ընկերներ են և միշտ օգնում են իրենց տերերին։ Շներն էլ են զգայուն ։ Նրանք սիրում են , որ մարդիկ իրենց հետ խաղում են, զբոսնում են։ Ես շատ եմ երազում ունենալ փոքրիկ շնիկ։