«Գունավոր» ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին: